Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից 1

Պետական մտածողությամբ քաղաքացիական հասարակություն կերտող վաղվա քաղաքացին այսօրվա դպրոցականն է : Այս կարևոր գիտակցությամբ են ծրագրվում դաստիարակչական աշխատանքները դասին և դասից դուրս:
Շուրջ երկու շաբաթ արտառոց եռուզեռ էր Վաղարշապատի հմ. 5 ավագ դպրոցում:

<<Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից>> ծրագրի շրջանակներում դեռևս մարտ ամսին ավագ դասարանների աշակերտներից կազմվել էր աշխատանքային խումբ, որն իրականացրեց սիմուլյացիոն խաղ, որի արդյունքում ընտրվեց Հարավկովկասյան երիտասարդական պառլամենտի պատգամավոր: Այս անգամ խումբն ավելի համալրված կազմով, որոշակի փորձառությամբ և հմտություններով պատրաստում էր սիմուլյացիոն ընտրախաղ` <<Եթե ես քաղաքապետ լինեի>> թեմայով: Ընտրական և ՏԻՄ օրենսգրքերի ուսումնասիրությունից հետո առաջադրվել էին քաղաքապետի թեկնածուներ, կազմվել շտաբներ, մշակվել էին ծրագրեր, պատրաստվել քարոզչական նյութեր, իրականացվում էր քարոզչություն օրենքի սահմաններում: Այդ ընթացքում  թեկնածուների շտաբները, հարող ակտիվիստները հանդես եկան մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով`հավաքներ,տեսաշարերի ներկայացումներ, տարբեր թեմաներով պատի թերթերի ձևավորումներ, դպրոցի բակում սանիտարական օրվա կազմակերպում և այլն:

<< Ընտրության >> օրը ամենապատասխանատուն էր թերևս: Աշակերտներից  կազմված էր ընտրական հանձնախումբ`Նարեկ Ծաղկլորյանի նախագահությամբ: Նրանք սեմինարների ընթացքում ծանոթացել էին ընտրական օրենքներին և ամենայն լրջությամբ կատարեցին իրենց պարտականությունները: Դեռևս ծրագրի մարտյան  փուլում հետարքիր հարաբերություններ էին ձևավորվել երիտասարդ ժողովրդավարների և Էջմիածնի երիտասարդ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի միջև: Ընտրության օրը ընտրողի իրավունքով ներկա էին  քաղաքապետը, փոխքաղաքապետները և այլ հարգարժան հյուրեր: Պայքարը թեժ էր. շտաբի պատասխանատուների կողմից ներկայացվեցին թեկնածուներ Խաչատրյան Սուրենը, Հովակիմյան Մանյան, Պողոսյան Էմման, որոնք  իրենց հերթին հանդիսատեսին ներկայացրին իրենց ծրագրերը: Միջոցառումն առանձնահատուկ էր իր հնարանքով, քանի որ հանդիսատեսը պասիվ ակնդիրը չէր, այլ հենց <<ընտրող>> մասսան,որն իրավունք ուներ թեկնածուների հետ բանավիճելու, հարցադրումներ անելու, վերաբերմունք կամ տեսակետ հայտնելու: Այս իմաստով առավել ակտիվ էր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որն իր անմիջական միջամտումներով ու հարցերով ցանկանում էր բացահայտել թեկնածուների տեղեկացվածությունը քաղաքի կյանքի անցուդարձին, նրանց ծրագրային դրույթների իրատեսականությունը և, ինչու չէ, իրեն հատուկ նուրբ դիտողականությամբ տնտղում էր երիտասարդներին հուզող խնդիրները և նրանց ակնկալիքները տեղական իշխանությունից: Բուռն, դրականորեն թեժ մթնոլորտում իրականացված քարոզարշավը, որին աշակերտները նախապատրաստվել էին յուրովի, աննախադեպ դաս էր ժողովրդավարության, հարազատ քաղաքի խնդիրների և նվաճումների վերհանման, այդ մասով օրենսդրական դաշտի տեղեկացվածության: Ընտրությունից առաջ <<լռության >> օրը սիմվոլիկ փոխարինվեց դպրոցի երգի թատրոնի համերգով: Ընտրությունն ընթացավ հատուկ նախապատրաստված ընտրական տեղամասում. այն թափանցիկ էր, կանոնիկ. որևէ խախտում չարձանագրվեց: Վստահված անձանց առկայությամբ հաշվվեցին ձայները` ավելացած քվեաթերթիկները ոչնչացնելուց ու համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Ձայները հաշվելուն ակնդիր էր և հանդիսատեսը: Թեկնածուների ձայները մոտավորապես հավասարության մեջ էին. հանդիսատեսը ուշադրությամբ հետևում էր ընթացքին. մի պահ բոլորը զարմանալիորեն վերացել էին խաղի իրականությունից: Վերջապես Նարեկը հայտարարեց ընտրության նախնական արդյունքը. հավասար քսաներեքական ձայն հավաքել էին Սուրենն ու Էմման, քսանյոթ ձայն`Մանյան:


Ընտրողներից կային և բացականեր,որոնց ներկայությունը գուցե այլ արդյունք ապահովեր, այսուհանդերձ ընտրությունն արդար էր և թափանցիկ:
Ընտրված թեկնածուն քաղաքապետին հանձնեց եռագույնով երիզված փաթեթը, որտեղ երեք թեկնածուների նախընտրական ծրագրերն էին` իրենց պատկերացմամբ Էջմիածին քաղաքի զարգացման ուղղությամբ:
Ամենակարևորը կարգախոսներն էին, որոնք համոզմունք էին ու ուղեցույց երիտասարդ էջմիածինցիների կյանքում. Մանյան կարևորում է գործի կշիռը իր արդյունքի մեջ, Սուրենը` պատրաստակամություն` սեփական ուժերով` հարազատ քաղաքին, Էմման` միասնականությունը` հաղթանակի երաշխիք հայրենի քաղաքը հզոր և հարուստ ունենալու գործում:

Քաղաքապետը ներկաներին զարմացնելու չափ հիացրեց իր հայտարարությամբ այն մասին, որ պատրաստ է մեկ օրով քաղաքապետի իրական կարգավիճակ ընձեռնել ընտրված Մանյա Հովակիմյանին`<<լիազորություններով>> հանդերձ:
Միջոցառումը հաջողված էր իր ձևի և բովանդակության մեջ. սիրել հարազատ քաղաքը, տեսնել նրա խնդիրներն ու լուծման ուղիներ որոնել, կապվել նրա հետ բոլոր թելերով, ապրել ու արարել նրա ծաղկումի համար` կրելով ու փոխանցելով ժառանգած արժեքները:

Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում